08-10-2015 12:07

Դավութօղլուն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին

Անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ 
Դավութօղլուն ասել է, թե այժմ նման սպառնալիք չկա, քանի որ բոլոր երկրներն էլ բանակցությունների հնարավորություն ունեն։ 
«Սակայն եթե միջազգային իրավունքի սկզբունքների խախտումները շարունակվեն, դժվար կլինի ասել, թե ինչ տեղի կունենա ապագայում»,-ասել է Դավութօղլուն։ 
Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան որևէ հակամարտության կողմ չէ և չի պատրաստվում դառնալ։
«Մենք մեր երկրի ապագան, մեր ազգի հանդարտության համար ցանկացած սցենարի պատրաստ պխետք է լինենք։ Սակայն տա՛ Աստված, որ այս ամենը նման պատերազմի չվերածվի։ Դրա համար մեր դիվանագիտական շփումները շարունակվում են»,-ասել է Դավութօղլուն։ 
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Թուրքիայի սահմանները խախտելու վերջին դեպքերին՝ Դավութօղլուն նշել է, թե ՌԴ-ն մեծ սխալ է արել՝ փորձելով Թուրքիային էլ ներքաշել նման ճգնաժամի մեջ։ «Եթե օրենքի անտեսումը շարունակվի, ապագան կանխատեսելը շատ դժվար կլինի։ Դիվանագիտական շփումները շարունակվում են, և մենք չենք ցանկանա պատերազմի մաս դառնալ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում՝ ուղղված «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։