19-03-2015 09:17

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է խթանելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների շարունակականության ապահովման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, բիզնես միջավայրի բարելավման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ բնագավառներում:
Յոհանես Հանը շեշտել է, որ Եվրոպական միությունը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, ամրապնդման գործում և հույս հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության ոլորտներում և կարևորել այդ ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերի իրականացումը: Յոհանես Հանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և ԵՄ-ն ապագայում ևս կշարունակեն իրականացնել փոխշահավետ բազմաթիվ ծրագրեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ավիացիայի ոլորտում փոխգործակցության զարգացման, ԵՄ մուտքի վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: