05-11-2016 08:35

Լավ երկրի կառուցմանը պետք է մասնակցի յուրաքանչյուրը. Կարեն Կարապետյան

ՀՀ արչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ ուրբաթ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է մարզում տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերը և նշել, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու մարզի համաչափ զարգացմանը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն:

Այդ համատեքստում, նախատեսվում է առաջիկայում ստեղծել Սյունիքի զարգացման ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է լինելու տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի խթանումն ու աշխատատեղերի ստեղծումը: Առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր:

Աշխատանքներ են տարվում Կապանում ռետինե նյութերի վերամշակման և խողովակների արտադրության երկու գործարաններ հիմնելու համար, որոնք ևս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: