Բավ է պառակտվել
20-05-2016 12:42

Մեդվեդև. Կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությունները խթանելու համար

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը ողջունել է ՌԴ կառավարության ղեկավարին Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ:

«Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով»,-ասել է ՀՀ նախագահը:

ՌԴ կառավարության նախագահը նշելով, որ ուրախ է ՀՀ Նախագահի հետ հանդիպման նոր հնարավորության համար, ընդգծել է, որ այն, ըստ էության, արդեն երկրորդն է մեկ ամսվա ընթացքում, և դա, ըստ նրա, շատ լավ է, քանի որ բնութագրում է ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների մակարդակը, այն դաշնակցային կապերի բնույթը, որ գոյություն ունեն երկու երկրների, երկու ժողովուրդների միջև:

«Անցած անգամ մենք, իսկապես, անցկացրեցինք երկկողմ բանակցություններ, իսկ այսօր տեղի կունենա մեր միության Եվրասիական միջկառավարական խորհրդի լիագումար նիստը: Դիտարկելու ենք տարբեր և առաջին հերթին տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար: Շնորհակալություն կառավարությունների ղեկավարներին Երևանում այս միջոցառումը անցկացնելու հրավերի համար, որովհետև սա առաջին նման միջոցառումն է ձեզ մոտ: Ընդ որում, Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը, ինչը, այս իմաստով, խորհրդանշական է: Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին: Վստահ եմ, որ կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են, կրկնում եմ, մեր տնտեսությունները խթանելու համար: Իրոք, իմ նախորդ այցը կայացավ շատ դժվար իրադրության պայմաններում»,-ասել է Դ. Մեդվեդևը: