14-10-2016 14:45

Հայերի ամենատարբերվող գիծը հյուրասիրությունն է. ՀՀ վարչապետը

Երևանում այսօր տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԵԱՏՄ անդամ երկրների պաշտոնյաներ, առաջատար գիտնականներ և փորձագետներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից և այլ երկրներից:
Այս համաժողովի, ինչպես նաև համատեղ մեկնարկած Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նախ մասնակիցներին ներկայացրեց, թե որքան հին է Հայաստանը, ինչ պատմամշակութային արժեքներ ունի և ինչպես է ընդունում հյուրերին: «Ուրախ ենք Ձեզ հյուրընկալել աշխարհի ամենահին քաղաքներից մեկում՝ Երևանում: Իմ ազգի ամենատարբերվող գիծը հյուրասիրությունն է: Եթե դուք այսօր այստեղ եք, ուրեմն դուք մեր երկրի հյուրն ու ընկերն եք»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ իսկապես ուրախ է արդեն հինգերորդ հայ-ռուսական համաժողովի անցկացման կապակցությամբ: Նրա խոսքերով՝ այս հարթակը միանշանակ օգտակար է, երբ հանդիպում են գործընկերները, նույն մտածելակերպն ունեցող մարդիկ՝ գտնելու օպտիմալ լուծումներ, փոխանակելու իրենց փորձը, ստեղծելու բիզնեսի զարգացման ուղիներ:
«Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին, կարծում եմ՝ շատ մեծ ներուժ ունենք այն էլ ավելի խորացնելու համար: Միջազգային ինտեգրացիոն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական գործընկերությունում, դրան միայն կարող են օգնել»,- նշեց Կարեն Կարապետյանը և համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:
Համաժողովում Արմեն Գևորգյանը ընթերցեց ՀՀ նախագահի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «2011 թվականին մեր երկրները Երևանում նախաձեռնեցին Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի անցկացումը, որն այս տարիներին ապացուցեց, որ այն պահանջված է: Այն նպաստեց մեր տարածաշրջանների ներուժի բացահայտմանը, ինչպես նաև ամուր հիմքեր դրեց մեր միջտարածաշրջանային համագործակցության համար: Այսօր գոհունակությամբ կարելի է ասել, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը դարձել է կարևոր հարթակ, որը համախմբում է մեր երկրների կառավարական, գործարար, հասարակական ոլորտի ներկայացուցիչներին»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձն էլ ներկայացրեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, հոգևոր արժեքների ու դարավոր ընկերության վրա: Այս հզոր գործոնն ապահովում է մեծ հնարավորություններ մեր երկրների միջև տնտեսության, արդյունաբերություն, առևտրի, հումանիտար և գիտական, կրթական ոլորտներում արդյունավետ և ամուր համագործակցության համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ակնկալում եմ, որ այս ընթացքում բաց և կառուցողական քննարկումների շրջանակում արված առաջարկությունները կծառայեն հայ-ռուսական երկխոսության կատարելագործմանը, գործնական միջավայրի բարելավմանը, Եվրասիական տարածքում փոխգործակցության ամրապնդմանը»: