04-07-2015 08:50

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Փարիզում վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևոր համարել փոխգործակցության հետագա զարգացումը և խորացումը տարբեր ուղղություններով:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. մայրաքաղաք Երևանը և Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Վարչապետը, կարևոր համարելով երկու մայրաքաղաքների միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը, բարձր է գնահատել տիկին Իդալգոյի ներդրումը Երևանի և Փարիզի միջև կապերի սերտացման գործում: Վարչապետը նշել է, որ Երևան-Փարիզ համագործակցության շրջանակում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը ՀՀ կառավա¬րության ուշադրության կենտրոնում են և պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ միասին այսուհետ ևս սատարել համատեղ ծրագրերի անխափան իրականացմանը:  Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ Փարիզի քաղաքապետը նույնպես բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունները և կարևորել փոխգործակցության զարգացումը տարբեր բնագավառներում: Նրա խոսքով՝ երկու մայրաքաղաքները տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Անն Իդալգոն կարևոր է համարել փոխգործակցության խորացումը գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Նա առանձնացրել է ֆրանսահայ համայնքի դերը և ներդրումը Ֆրանսիայի և, մասնավորապես, Փարիզի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: