Բավ է պառակտվել
08-09-2016 10:03

ՀՀ վարչապետն այսօր հնարավոր է հայտարարի իր հրաժարականի մասին

Հայաստանում տրվել է «Ազգային համաձայնության» կառավարության ձևավորմանն ուղղված քայլերի մեկնարկը, ինչի մասին օգոստոսի 1-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Չի բացառվում, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաև բոլոր մյուս նախարարները:

Սա Հովիկ Աբրահամյանի երկրորդ հրաժարականը կլինի Հայաստանի ամենաբարձր պաշտոնից՝ հանուն կուսակցության: Լուրեր են պտտվում, որ Աբրահամյանը գլխավորելու է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ նախընտրական շտաբը, եթե, իհարկե, երիտթևը նաև այդ հարցով խարդավանքներ չհյուսի Աբրահամյանի դեմ:

Ստացվում է, որ  Սերժ Սարգսյանի համար ամենակարևոր պահին, երբ իշխանության նկատմամբ անվստահությունը մահացու աստիճան բարձր տոկոս է կազմում, Հովիկ Աբրահամյանը կրկին զոհաբերվեց՝ տեղը զիջելով մի մարդու, ով 2011 թ.-ին հրաժարվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից՝ Մոսկվայում առավել բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Թեև այդ օրերին բոլորին էր հայտնի, որ նույն երիտթևի խարդավանքներից «կշտացած» Կարեն Կարապետյանը լքեց Հայաստանը: Հիմա նա վերադարձել է արդեն վարչապետ նշանակվելու խոստման դիմաց և պայմանով, որ տնտեսական ոլորտի նախարարներին պետք է իր թիմի մարդկանց նշանակի:

Նշվում է, որ նախօրեին Կարեն Կարապետյանը մեքենայով մտել է ՀՀ կառավարության շենք՝ թերևս հանդիպելու ՀՀ գործող վարչապետին: