22-02-2016 14:04

Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը լուրջ դժվարությունների առաջ է կանգնել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր խոստովանել է, որ երկրի զբոսաշրջային ոլորտը լուրջ դժվարությունների առաջ է կանգնել։  Դավութօղլուն հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է աջակցել զբոսաշրջային ոլորտին, որը տուժել է հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման պատճառով։
Նա խոստացել է, որ 87 մլն դոլարի չափով դրամաշնորհ կտրամադրվի զբոսաշրջային ընկերություններին։
«Այստեղից դիմում եմ ողջ աշխարհին, բոլոր նրանց, ում կցանկանայինք հյուրընկալել. Թուրքիան ձեր տունն է։ Այս գեղեցիկ ու ապահով երկիր կարող եք գալ հանգիստ խղճով։ Այստեղ կարող եք անցկացնել ձեր արձակուրդը, կարող եք օգտվել մեր երկրի հին պատմությունից ու գեղեցիկ մշակույթից»,-հայտարարել է Դավութօղլուն։
ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։