Բավ է պառակտվել
24-11-2016 11:07

Այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար. Կարեն Կարապետյան

Ես այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է ՀՀ նախագահը, ով ՀՀԿ ղեկավարն է, իսկ ցանկացած կառավարություն պետք է քաղաքական հենարան ունենա։

«Վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան: Եթե նույնիսկ հաշվի չառնենք այս կետերը, ոմանց մոտ կարող է լինել հարցադրում, ինչու չենք հիմնադրել այլ կուսակցություն: Դա արդարացված չէր լինի», – նշել է Կարեն Կարապետյանը:

«Նման հենարան կարող է դառնալ ՀՀԿ–ն նաեւ այն պատճառով, որ կուսակցության պահպանողական գաղափարախոսությունն ինձ մոտ է, իսկ կուսակցությունում շատ են մարդիկ, որոնց ես ընդունում եմ։

Սոցիալ–տնտեսական կյանքում, պետական կառավարման մեջ շատ բան պետք է փոխել, իսկ դա նշանակում է, որ պետք է սկսենք մեզնից։ Այդ հարցը շատ հստակ է դրված, իսկ ինքնաքննադատությունը հաճախ ավելի սուր է, քան կողմերը պատկերացնում են»,– ասել է վարչապետը։

Հիշեցնենք, ՀՀԿ-ի համագումարը նախատեսված է այս շաբաթ` նոյեմբերի 26-ին: Մամուլի տեղեկությունների համաձայն ՀՀԿ-ական են դառնալու բոլոր նախարարները, իսկ Կարեն Կարապետյանն ընտրվելու է կուսակցության փոխնախագահ: