23-04-2016 11:49

Կանադայի վարչապետը հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ: 
Վարչապետը հիշեցրել է, որ Կանադայի Սենատն ու Համայնքների պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են ընդունել, որոնք 1915 թվականի դեպքերը որակում են որպես ցեղասպանություն։ 
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101-րդ տարելիցը։ Մենք պահպանում ենք այն մարդկանց մասին հիշողությունը, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ընթացքում, և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, ներառյալ՝ նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը»,- ասել է Կանադայի վարչապետը։ 
Այս հայտարարությունը ողջունել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC)։
«Մեզ ոգևորում է այն, որ վարչապետ Ջասթին Տրյուդոն հավատարիմ է ցեղասպանությունների դատապարտման հարցում Կանադայի պարտավորություններին, ներառյալ` Հայոց ցեղասպանության»,- ասել է ANCC -ի նախագահ Ժիրայր Բասմաջյանը: