Բավ է պառակտվել
26-06-2017 11:26

ՀՀ վարչապետը նախանշել է երկրի պետբյուջեի ուղղվածությունը

Հայաստանի պետբյուջեի շեշտերը դրվելու են արդյունքների, ոչ թե ֆինանսական ծախսերի վրա։ Երկուշաբթի օրը տեղի ունեցած 2016 թ-ի պետբյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Երկուշաբթի օրը ՀՀ ԱԺ-ն սկսել է 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումները: Շաբաթվա ընթացքում խորհրդարանականները կքննարկեն պետական բյուջեի ծրագրված ցուցանիշների կատարողականը, դրանց արդյունավետությունը և ստացված արդյունքները՝ կառավարության գործունեության բոլոր ոլորտներում։ Քննարկումների արդյունքում հուլիսի 4-ին խորհրդարանը կանցկացնի արտահերթ նիստ `2016 թ-ի բյուջեն կատարողականը հաստատելու նպատակով:
« Խորհրդարանում նախատեսված է քննարկումների բավական հագեցած ժամանակացույց: Ներկայացվելու է մակրոտնտեսական մթնոլորտը, որում կատարվել է բյուջեն, բազային ցուցանիշները, տնտեսական և սոցիալական ուղղությունները և հիմնական արդյունքները, ինչպես նաև բյուջեի կատարողականը»,- ասել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ կառավարությունը հետևողականորեն շարունակում է ծրագրային բյուջետավորման աշխատանքների իրականացումը, ինչը ենթադրում է, որ բյուջետային ծրագրերն ու դրանց կատարողականները պետք է հիմնվեն արդյունքների վրա:
«Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ թե ինչ արդյունքներ են ստացվել: Հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ կփորձենք դրանք դարձնել առավել բովանդակային»,- ասել է Կարապետյանը:
Վարչապետն ընդգծել է, որ տնտեսության զարգացման հետագա հիմքեր ստեղծելու համար 2016 թ-ին սկսվել և մինչ օրս շարունակվում են քննարկումներ, որոնք արտացոլված են 2017-2022 թթ կառավարության ծրագրում: Կներկայացվեն նաև ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրիրը և ծրագրային միջոցառումները:
« Ես պատգամավորներից կառուցողական քննարկումներ և առաջարկներ եմ ակնկալում, որոնք կառավարությունը հաշվի կառնի կարճաժամկետ և միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս, ինչն անկասկած կհանգեցնի պետական ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման»,- ասել է Կարապետյանը:
Հայաստանի 2016 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է, որ ծախսերի գծով այն կկազմի 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, իսկ եկամուտների գծով՝ 1 տրիլիոն 183 մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեում 2016թ. դեֆիցիտը կազմում էր 197 մլրդ դրամ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2016թ. ընթացքում պետբյուջեի եկամուտներն աճել են ընդամենը 0,7%-ով՝ կազմելով 1 154,9 մլրդ դրամ: Պետեկամուտների կառուցվածքում 2016 թվականին հարկերն ու տուրքերը կազմել են ավելի քան 1 079.7 մլրդ դրամ` ավելանալով 1,1 %։ Պետբյուջեի այլ եկամուտները 2016թ. կազմել են 59,8 մլրդ դրամ՝ 2015թ. 69 մլրդ դրամի փոխարեն, իսկ պաշտոնական դրամաշնորհների գումարները գերազանցել են 15,4 մլրդ դրամը՝ նախորդ 10,2 մլրդ դրամի փոխարեն:
ԱՎԾ տվյալներով, 2016թ. պետբյուջեի ծախսերն աճել են 2,5%-ով՝ կազմելով 1 427,5 մլրդ դրամ: Ընդ որում ծախսերի ցուցանիշում ընդգրկված է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող, նպատակային ծրագրերի իրականացման գրասենյակներին տրամադրված վարկերի գնահատումը:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ բյուջեի ընթացիկ ծախսերը կազմել են 1 258,8 մլրդ դրամ (3,3% աճ):
Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականին կազմել է 272.5 մլրդ դրամ՝ 2015 թվականի 245 մլրդ դրամի դիմաց։ Տարվա արդյունքներով պակասուրդը բյուջեում նախատեսված ցուցանիշից 75,5 մլրդ դրամով ավել է կազմել($1 - 480.39 դրամ):