Բավ է պառակտվել
15-03-2016 16:25

Ըստ Ցիպրասի՝ Իրան-Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը հեռանկարային է

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռանկարային է համարում Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը: Այս մասին նա նշել է այսօր, Աթենքում հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին եւ հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ Հանրապետության նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Սերժ Սարգսյանը եւ Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարեւորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության եւ այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները եւ շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին: Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաեւ Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս- Իսրայել եւ Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձեւաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ: Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաեւ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հաստատման առումով եւ ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին: Հունաստանի վարչապետը իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները: ՀՀ Նախագահը եւ Հունաստանի վարչապետը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ: Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա եւս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակներում, ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության եւ կայունության պայմաններում: ՀՀ նախագահի եւ Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2016-2020թթ. կրթության եւ հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարություններով: