24-09-2016 14:29

Փոփոխությունները ենթադրում են լուրջ բովանդակություն և գործառույթներ.վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:

 Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին:

Վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում, այլև ենթադրում են լուրջ բովանդակություն և նպատակային գործառույթներ:

 Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ, օրինակ, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական այն օղակը, որը քննարկելու է նրանց կողմից բարձրացված խնդիրները և աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը:

Վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին:

Կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ: