Բավ է պառակտվել
13-09-2016 13:52

ԱԺ նախագահը խոստանում է պարզել զինված խմբի անդամների տեսակցությունն արգելելու պատճառները

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստանում է պարզել՝ ինչու քրեակատարողական հիմնարկները պատգամավորներին թույլ չեն տալիս օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և տեսակցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին:

 Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը և մասնավորապես քրեակատարողական վարչությունը կոպտորեն խախտում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին 48-րդ հոդվածը և պատգամավորներին հնարավորություն չեն տալիս տեսակցել մի շարք անձանց:
«Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Օրենքը հստակ սահմանում է, բայց այս ապօրինությունը ԱԺ պատգամավորների նկատմամբ որերորդ անգամ տեղի է ունենում: Ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ-ն, որը ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր պատգամավորի մուտքի և ելքի իրավունքը խոչընդոտել է», - ասել է Փաշինյանը:
Նա հորդորել է այս հարցը պահել ուշադրության կենտրոնում և համապատասխան պարզաբանում պահանջել ԱՆ-ից և ԱԱԾ-ից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դուք կարող եք ավելի հանգամանորեն ներկայացնել, թե ում եք ցանկացել դիտել: Որևէ բան չեմ տեսնում, որ մենք կարող ենք միջամտել՝ խնդիրը լուծելու համար»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրել է «Սասնա ծռերի» դեպքը և այն, որ ընդդիմադիր պատգամավորները ստորագրել էին արտահերթ նիստ հրավիրելու՝ հուլիսին տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ կապված.
«Ես ակնկալում եմ, որ հիմա օրակարգում մի կետ կմտցնենք և քննարկում կիրականացնենք»:
Ըստ Ուրիխանյանի, ԱԺ-ն պետք է արձագանքի ցուցարարների նկատմամբ իրականացված բռնություններին և պատասխանատվության կանչի իշխանության ներկայացուցիչներին՝ անգործության և այլ իրավախախտումների համար:

Այս հարցին Սահակյանն արձագանքել է. «Մենք ինքներս էլ ենք շահագրգռված, որ ամեն ինչ ճիշտ ճանապարհով լուծվի: ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին պիտի ասեմ, որ քրեական գործ է հարուցվել և հակասահմանադրական է, որ հենց սկզբից ԱԺ-ն որոշում կայացնի: Մեր ամբողջ հասարակությունը ուշի-ուշով հետևում է այդ գործընթացի ավարտին»: