11-03-2016 11:48

ՌԴ կառավարությունը հավանություն չի տվել Հայոց ցեղասպանության մասին օրինագծին

ՌԴ կառավարությունը և Գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ, նշված օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևի օգնականը:
«Պետդումայի խորհուրդը օրինագիծը հետ է ուղարկել հեղինակներին կապված այն բանի հետ, որ կառավարության և Գերագույն դատարանի կողմից օրինագիծն ուսումնասիրելու ժամկետները խախտվել են: Կառավարության կողմից օրինագծի վերաբերյալ եզրակացությունը ուղարկվել է փետրվարի 9-ին, մինչդեռ Պետդուման օրինագիծը հետ է ուղարկել փետրվարի 8-ին` եզրակացության բացակայության պատճառով», - հաղորդել է օգնականը:
Կառավարությունն օրինագիծը պետք է ուսումնասիրեր 13-օրյա ժամկետում, սակայն կառավարությունից խնդրել են եզրակացություն հայտնելու ժամկետը հետաձգել մինչև հունվար ամսվա վերջը, բայց այն ձգձգվել է մինչև փետրվարի 9-ը: Թե ինչ կլինի օրինագծի հետ ապագայում, դեռ հայտնի չէ:
«Կառավարությունն իր բացասական եզրակացությունը մեկնաբանել է նրանով, որ իբրև թե քրեական օրենսգրքում արդեն իսկ գոյություն ունեն նորմեր, որոնք քրեական պատասխանատվություն են ենթադրում հավատացյալների զգացմունքները վիրավորելու և ազգային հատկանիշներով հանցագործություններ կատարելու համար», - գրում է գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Բացի դրանից` բացասական եզրակացության մեջ նշվում է, որ օրինագծի հեղինակները չեն բերել վիճակագրական կամ քրեագիտական ուսումնասիրությունների օրինակներ, բացակայում են Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ օրինակներ:
Հիշեցնենք, որ 2015թ-ի նոյեմբերի 25-ին ՌԴ Պետդումայի պատգամավորներ Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը Պետդումա էին մտցրել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ, ինչից հետո այն ուղարկվել էր ՌԴ կառավարություն և գերագույն դատարան` հաստատվելու համար: