19-02-2015 13:17

Ձայնագրությունները բացահայտում են Թուրքիայի ներգրավվածությունը Քեսաբի դեպքերին

Ականատեսների և ընդդիմության աղբյուրների հաղորդագրությունների վրա հիմնված և ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան իր մասնակցությունն է ունենում Սիրիայի քաղաքացիական պատերազմին, քննարկվել են դատական լսումների ժամանակ, գրում է asbarez.com-ը:
Անցած տարի Նիղդեում Թուրքիայի անվտանգության ուժերի վրա հարձակված «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Թուրքիան, բացի ընդդիմադիր ուժերին զենք-զինամթերք մատակարարելուց, նաև հրետանային աջակցություն է ցուցաբերել Քեսաբը գրաված ընդդիմադիր խմբերին:
Դատախազը ձեռք է բերել ապշեցուցիչ խոստովանություններ՝ լսելով գրոհայինների հեռախոսազրույցները: Հեռախոսազրույցների պատճենները ցույց են տալիս, որ Քեսաբում ընդդիմադիր ուժերը տեղեկացրել են Թուրքիայում գտնվող մարդկանց Քեսաբի մոտ սիրիական բանակի կոորդինատների մասին, ինչից հետո Թուրքիայի ուժերը ռմբակոծել են այդ տարածքները: 
Մարտի 21-ին Սիրիայի զինված ընդդիմադիր խմբերը Թուրքիա են մտել հինգ տարբեր տեղերից և Սիրիա վերադարձել Յայլադաղով ու գրավել Քեսաբը:  
Թուրքիայի կառավարությունը և զինվորականները հերքում են ընդդիմադիր ուժերին աջակցություն ցուցաբերելու բոլոր մեղադրանքները, սակայն ինչպես գրում է asbarez.com-ը, Նիղդեի գրոհայինների հեռախոսազրույցներից հավաքված տեղեկությունները հակասում են պաշտոնական հայտարարություններին: