Բավ է պառակտվել
21-10-2014 20:12

ԵՏՄ-ն պարտադրում է Արցախի Հանրապետության հանձնում Ադրբեջանին. Փոստանջյան

Անկախության նվաճումից շուրջ քառորդ դար հետո` ինքնիշխանության վաճառքի դիմաց իրենց հանցավոր կառավարումը երկարաձգելու գերնպատակով Հայաստանում ժողովրդի իշխանությունը կրկին բռնազավթած Սերժ Սարգսյանն ու նրա խմբավորումը փորձում են մեր պետականությունը դեպի հետ մղել` ձուլելով անհեռանկար Եվրասիական տնտեսական միությանը, որի լոկոմոտիվ Ռուսաստանում արդեն 15 տարուց ավելի իշխում է բռնապետական համակարգը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի փոստանջյանը: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ի լոկոմոտիվ համարվող Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր ու համարվելով իբրեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից` մի քանի միլիարդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին: «Ղազախստանը, որտեղ բռնապետական եւ կոռումպացված համակարգն իշխում է արդեն 25 տարի, բացահայտ սպասարկում է Ադրբեջանի շահերը, Բելառուսում նույնպես բռնապետությունն իշխում է շուրջ 25 տարի: Այս երեք երկրներն էլ ունեն հետամնաց տնտեսություն, իսկ Ռուսաստանը, դեռ ավելին, ենթարկվում է միջազգային պատժամիջոցների, ինչի հետեւանքով նրա տնտեսությունը մոտ է փլուզման: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանցքային հանձնառությունը պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչումը եւ դրանից բխող` միջազգային ճանաչման երաշխավորումը: Այնինչ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իր ոչ լեգիտիմ ստորագրությունը դնելով Հայաստանի Հանրապետության անկախության կորուստը վավերացնող փաստաթղթի տակ, ոտնահարելով մեր երկրի Սահմանադրությունը, քաղաքակրթական ուղղվածությունն ու արժեքային համակարգը` մեր անկախ հայրենիքն այսօր ուզում է կցել բռնապետական մի կառույցի, որը ոչ միայն խոչընդոտում է ազգային նպատակների իրականացմանը, ոչ միայն հանդիսանում է ներկայիս ռուսական կայսրապաշտության վերականգնման փորձանմուշը, այլ նաեւ պարտադրում է Արցախի Հանրապետության հանձնում Ադրբեջանին: Մենք հասկանում ենք, որ բռնազավթիչները միշտ էլ ցանկանում են ընկերակցել իրենց նմանների հետ, հասկանում ենք, թե խորհրդարանական մեծամասնությունը Ազգային ժողովի այլ խմբակցությունների հետ ինչու է մերժում «Ժառանգության» կողմից ներկայացված «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, սակայն նաեւ ուզում եմ շեշտել, որ ռուսական միահեծանության հայկական սպասավորներն իրենք են իրենց բացահայտում կամ ինքնաբացահայտվում` ջղագարության հասնելով տարիքի կամ կայսրությունների փլուզման անխուսափելիության գիտակցումից: Իսկ բռնազավթիչների հանցագործությունների շարունակումը նրանց միայն ավելի է մոտեցնում հայ ժողովրդի դատարանի դատավճռով իրենց սպասող բանտախցերին»: