Բավ է պառակտվել
09-02-2016 10:58

Մոսկվան Անկարայից պաշտոնական ներողություն է ակնկալում

Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական ներողություն է ակնկալում Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման համար, ինչպես նաև պահանջում է պատժել մեղավորներին ու փոխհատուցել վնասը։ 
Այդ մասին  ասել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը։ 
ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։ 
Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենասկզբից հայտարարել էր, թե ինչ պետք է անի Թուրքիան մեր հարաբերություններում խորագույն ճգնաժամը կանխելու համար։ Մենք պաշտոնական ներողություն ենք ակնկալում, մեղավորներին պատժել ու մեր պետությանը հասցված վնասի փոխհատուցում։ Թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, թե ցավում է տեղի ունեցածի համար, բավարար չեն, և դրանց մակարդակը չի համապատասխանում տեղի ունեցածին։ Այդ պատճառով հաջորդ քայլը պետք է անի թուրքական կողմը»,-ասել է Կարլովը։ 
Եթե այդ պայմանները չկատարվեն, ապա Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում հնարավոր չի լինի, հավելել է նա։ 
Մի քանի երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, ցանկություն են հայտնել որպես միջնորդ հանդես գալ հարաբերությունների կարգավորման հարցում։ «Մենք կարծում ենք, որ միջնորդներ պետք չեն։ Մեր դիրքորոշումը թուրքական կողմին հայտնի է։ Մեր դիվանագիտական կապերը խզված չեն։ Դեսպանատներն աշխատում են թե՛ Մոսկվայում, թե՛ Անկարայում։ Եթե Թուրքիան ցանկանա իրոք իրական քայլեր անել հարաբերությունների կարգավորման համար, ապա դրա համար հնարավորություն ունի»,-ասել է դեսպանը։ Նա նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները դեռ երկար սառեցված կմնան, եթե Անկարան չփոխի իր դիրքորոշումը՝ պայմանավորված ռուսական Սու-24-ի կործանման հետ։