14-04-2015 14:51

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ 
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները: 
Նշելով, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն գրեթե 20-ամյա պատմություն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, երկու երկրները քաղաքակրթական, մշակութային շատ ընդհանրություններ ունեն` նույնակունք քրիստոնեական արժեհամակարգ, պատմության դժվարին էջեր, աշխարհասփյուռ համայնքների գոյություն, ինչն ավելի է նպաստում համագործակցության խորացմանը: 
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ քաղաքական ակտիվ երկխոսությունը կխթանի նաև Հայաստանի և Իռլանդիայի միջև առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը: 
ՀՀ Նախագահը և Իռլանդիայի դեսպանը կարևորել են հեռանկարային մի շարք ոլորտներում՝ հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության և այլն, սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Կարևորվել է նաև երկու երկրների միջև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում միմյանց աջակցությունն ու արդյունավետ համագործակցության զարգացումը:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպան Ջոն Բիգարին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի հիշատակի միջոցառումներն ու դրանց խորհուրդը: 
Դեսպան Բիգարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և վստահեցրել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կանի ամեն հնարավորը ամրապնդելու Հայաստանի և Իռլանդիայի միջև կապերը, որի համար, ըստ նրա, կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: