Բավ է պառակտվել
12-12-2017 18:46

Ֆրանսիայի դեսպանը նշել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի առավելությունները

Պաշտոնական Երևանը ԵՄ հետ ստորագրել է իր տեսակի մեջ եզակի համաձայնագիր, երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովի ընթացքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
« Համաձայնագիրը Հայաստանի համար պատմական է, և եզակի է իր տեսակի մեջ: Սա այսօրվա դրությամբ Եվրոպական միության կողմից ԵԱՏՄ անդամ երկրի հետ ստորագրած միակ նման համաձայնագիրն է»,- հայտարարել է Լակոտը:
Դիվանագետը նաև նշել է, որ համաձայնագրի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար:
« Համաձայնագրի կարևորությունը կայանում է նրանում, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ կարող է ունենալ յուրահատուկ, արտոնյալ հարաբերություններ: Բացի ընդհանուր դրույթներից համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել համագործակցությունը կոնկրետ ուղղություններով, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ փոխգործակցության արդյունքները միանգամից տեսանելի չեն լինելու»,- հայտարարել է Լակոտը:
Ֆրանսիայի դեսպանը նաև ընդգծել է, որ պայմանագրի կետերի կատարումը Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին թույլ կտա մասնակցել համաեվրոպական ծրագրերին:
« Բարեփոխումներից հետո Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանացվի եվրոպական չափանիշներին, ինչը հայաստանյան տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտա մասնակցել համաեվրոպական ծրագրերին, այդ թվում `տարբեր մրցույթների», - ասաց դեսպանը:
Միևնույն ժամանակ, Լակոտը շեշտեց, որ կարևոր է, որ հայաստանյան բարեփոխումները համապատասխանեն ստանդարտներին, և արդյունքում պարզեցվեն ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրա- տնտեսական հարաբերությունները:
Դեսպանի խոսքերով, փաստաթղթի շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր դերակատարություն ստանձնել տարածաշրջանում, և կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի, ինչպես նաև ԵՄ-ի և Իրանի միջև:
«Մեր տեսլականում Հայաստանի « կրկնակի » անդամությունը առանձնահատուկ նշանակություն ունի: Դա ոչ միայն Հայաստանը կամուրջ է դարձնում Ֆրանսիայի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև, այլև մեր գործարարների առջև բացում է նաև իրանական շուկան, ինչը շատ կարևոր է բոլորիս համար»,- հայտարարել է Լակոտը:
Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանը 2013թ. նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովին ԵՄ հետ կստորագրի ասոցացման և ազատ գոտու առևտրի մասին համաձայնագիրը, սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին: Նոր համաձայնագիրը որոշ առումներով կրկնում է նախորդին:
Նոր համաձայնագրում մասնավորապես դիտարկվում են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հնարավուրություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, էներգետիկան, էկոլոգիան, առևտուրը և ներդրումային նախագծերը:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ Հայաստանն ու ԵՄ անդամ բոլոր 28 երկրները վավերացնեն այն: