Բավ է պառակտվել
30-05-2015 12:46

Ռիգայի գագաթաժողովով հաղթահարվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա սառը հարաբերությունները.Թ. Պողոսյան.

«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից հետո դրական դաշտ է ստեղծվել, Հայաստանը քայլ առ քայլ կարող է վերադառնալ եվրոպական ուղի, Եվրամիության համար համար ընկալելի է դառնում Հայաստանի վարած քաղաքականությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նաև նշեց, որ 2013 թվականի սեպտեմբերի 3–ից հետո Հայաստանը մտել էր մի փուլ, որը կարելի է անվանել սառը հարաբերությունների շրջան. «Եվրամիության երկրների կողմից անվստահություն կար դեպի Հայաստանը»: «Ռիգայի գագաթաժողովով այդ հարաբերությունները հաղթահարվեցին: Ռիգայի հռչակագրում կան ձևակերպումներ, որոնք ողջունվում են, Եվրամիություն պատրաստակամություն է հայտնել օժանդակել և աջակցել Հայաստանին»,- ասաց ԱԺ պատգամավորը:  Թ. Պողոսյանի խոսքով, Ռիգայի հռչակագրում առկա բոլոր ձևակերպումներից և ոչ մեկը վտանգավոր չէ Հայաստանի համար, ի տարբերություն մեր հարևան երկրի, որը փորձում էր ցուցադրաբար ձախողել հռչակագրի ընդունումը: Թվարկելով Հայաստանի համար Ռիգայի գագաթաժողովի դրական արդունքները՝ նա նախ ընդգծեց, որ Եվրամիությունը հավատարիմ մնաց ճկուն քաղաքականությանը և Հայաստանի խնդիրները հաշվի առնելով՝ Հայաստանին տրամադրվեց նոր բանակցություններ սկսելու մանդատը: Նրա խոսքով, Եվրամիությունը տվել է հնարավորություն, իսկ թե ինչքանով կօգտվի Հայաստանն այդ հնարավորությունից, հետագան ցույց կտա: Թ. Պողոսյանի խոսքով, Եվրամիություն կողմից կա պատրաստկամություն, մնում է Հայաստանը դրսևորի քաղաքական կամք ու կյանքի կոչի առաջարկվող ծրագրերը:«Ունենք բանակցած մի ամբողջ փաստաթուղթ, եթե լինենք առավել պրագմատիկ, մեկ-երկու ամսվա ընթացքում այդ փաստաթուղթը կբերվի վերջնական տեսքի, նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին կստորագրվի»,- ասաց խորհրդարանականը՝ կրկին ընդգծելով, որ Եվրամիությունը տվել է հնարավորություն, մնում է Հայաստանը կյանքի կոչի: Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրների դիրքորոշմանը, նրա կարծիքով, որևէ խնդիր չի լինի: Թ. Պողոսյանը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՏՄ երկրների բազմավեկտոր քաղաքանությանը: