Բավ է պառակտվել
01-12-2016 15:25

Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը

Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: Ընդլայնվել էր անմիջական ունկնդիրների լսարանը: Այդ նպատակով առաջին անգամ տարվա գլխավոր ելույթը տեղափոխվել էր Միությունների Տնից Կրեմլ: Ակնհայտ են նախընտրական արշավի նշանները:

Բնական է, որ Պուտինի ելույթը գտնվում էր ողջ աշխարհի միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում: Վստահ եմ, որ Հայաստանում ևս շատերը փորձում էին որոշակի ազդանշաններ «բռնել», որոնք կօգնեին կանխագուշակել մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումը:

Այս կապակցությամբ մի քանի նշանակալի պահ առանձնացն ենք.

1. Ներքին խնդիրների վրա կենտրոնացումը: Ուղերձի գրեթե ողջ տեքստը կենտրոնացած էր Ռուսաստանի, շրջանների և փոքր քաղաքաների ներքին իրավիճակի շուրջ: Այս ամենը վկայում է, որ ներկայիս իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Հարց է ծագում ճգնաժամային պահին սոցիալական խնդիրների լուծման արդյունավետության մասին: Դա նաև նշանակում է, որ հայկական լսարանը պետք է հիշի, որ շատ բաներ, այդ թվում նաև ռուս քաղաքական գործիչների ամպագոռգոռ հայտարարությունները, առաջին հերթին, նախատեսված են ներքին լսարանի համար, նույնիսկ եթե դրանք վերաբերում են որևէ միջազգային ոլորտի:


2. Ուղերձի միջազգային հատվածը հաշված րոպեներ է զբաղեցրել: Այդուհանդերձ, Պուտինը անդրադարձել էր կարևոր թեմաների, որոնք կապված են Հայաստանի հետ: Նախևառաջ, Ռոււաստանի նախագահը երկրի արտաքին քաղաքականության մեջ գլխավոր առաջնայնությունը տվեց ԵՏՄ-ի զարգացմանը: Դա նշանակում է, որ Հայաստանի ակտիվ դերակատարությունը այդ դեռևս չձևավորված միությունում կարող է իրեն նշանակալի շահույթ բերել: Եվ հարկավոր չէ որոշումների սպասել Սմոլենսկի հրապարակից: Հայաստանն այս ինտեգրված կառույցում լիովին կարող է առաջարկել սեփական օրակարգը:

3. Պուտինը հնչեցրել է այն երկրների ցուցակը, որոնց հետ հարաբերությունների զարգացումը սկզբունքային նշանակություն ունի: Դրանք են` Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, ինչպես նաև ԱՄՆ-ն` նոր վարչության ղեկավարության ներքո: Եթե քաղաքական լեզվից թարգմանենք խոսակցական լեզվով, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանը փողի կարիք ունի: Թվարկված երկրները ներդրումների առավել հավանական աղբյուրներն են: Ինչպիսի՞ն կարող է լինել այս իրավիճակում Հայաստանի դերը: Նախևառաջ` այն նախագծերի ակտիվացումը, որոնք կարող են ներառել Իրանը և Ռուսաստանը: Պետք է հավակնոտ խնդիր իրականացնել` ներդրումային և գիտական նախագծերի օպերատոր և միջնորդ դառնալ: Ստանձնել արդյունավետ միջնորդի դերը:

4. Նախագահի ուղերձը սկսվեց մեծ հատվածից, որը նվիրված էր գաղափարախոսությանը և արժեքներին: Այստեղ Հայաստանը և հայկական սփյուռքը մեծ ներուժ ունեն` իրենց ազդեցությունն ապահովելու համար: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանը աշխարհայացքային և մշակութային տեսանկյունից Ռուսաստանի առավել մտերիմ գործընկերն է ԵՏՄ-ի շրջանակում:

5. Միջազգային քաղաքականությանը վերաբերող թեզիսների մասին խոսելիս ՌԴ նախագահը ասել է, որ առաջնահերթություններից մեկը գործընկեր-երկրների անկախությանն աջակցելն է։ Սեփական աշխարհայացքը պարտադրելու ցանկության բացակայությունը: Դա նշանակում է, որ Հայաստանը պարտավոր չէ հաշվի նստել Մոսկվայի հետ Արևմտյան երկրների հետ իր հարաբերությունների հարցում: Ընդհակառակը, հենց Հայաստանը կարող է դառնալ այն կամուրջը, որ ժամանակի ընթացքում կկարողանա օգնել Ռուսաստանի և ԵՄ–ի մերձեցմանը: