12-09-2014 16:49

Յացենյուկն ու Պորոշենկոն չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կուսակցությունը՝ «Ժողովրդական ճակատը», և նախագահ Պյոտր Պորոշենկոյի կուսակցությունը՝ «Դաշինքը», չեն կարողացել պայմանավորվածության գալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով գնալու շուջ:
«Зеркало недели» թերթի տեղեկություններով՝ անցած գիշեր կողմերը փորձել են համաձայնության գալ, սակայն բանակցությունները, որոնք ընթացել են Նախագահի գրասենյակի շենքում մինչև առովոտյան ժամը չորսը, արդյունք չեն ունեցել: «Երկու կողմերի ախորժակներն անհամատեղելի են եղել»,- նշել է աղբյուրը:
Միակ պայմանավորվածությունը, որ հնարավոր է եղել ձեռք բերել, վերաբերում է նրան, որ Պյոտր Պորոշենկոյի «Դաշինքը» չի առաջադրի իր թեկնածուներին 10 մեծամասնական շրջաններում (225-ից), որպեսզի մրցակցություն չստեղծի Յացենյուկի կուսակցության համար:
Ինչպես հաղորդվում է, ավելի վաղ Յացենյուկն ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու համար մի շարք պայմաններ էր առաջ քաշել, որոնցից է իր՝ վարչապետի պաշտոնի և Ալեքսանդր Տուրչինովի՝ Գերագույն ռադայի խոսնակի պաշտոնների պահպանումը: