Բավ է պառակտվել
19-10-2015 12:45

Հայկական հարցով զբաղվելու համար Թուրքիան այժմ ոչ ժամանակ, ոչ էլ ռեսուրսներ ունի

Հայ-թուրքական հարաբերություններում դրական որևէ փոփոխություն չի ակնկալվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, ճգնաժամային իրավիճակը բերել են նրան, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի կուսակցությունը, որ նախկինում ավելի լիբերալ, հանդուրժողական դիրքերից էր հանդես գալիս, այժմ գնալով ծայրահեղ քայլերի, բերում է ազգայականների տրամադրությունների աճ, ինչպես նաև հասարակության շրջանում ավելանում է ազգայականների նկատմամբ համակրանք վայելողների թիվը: «Թուրքիան այժմ ոչ ժամանակ, ոչ էլ ռեսուրսներ ունի զբաղվելու Հայկական հարցով: Մեզ պետք է հիմնականում անհանգստացնի այն, որ Երևանից երկու տասնյակ կիլոմետր այն կողմ տեղի են ունենում պատերազմական գործողություններ, որը չի կարող չընկալվել որպես սպառնալիք: Պետք է հսկողությունը ուժեղանա, ավելի զգոն լինենք»,- նշեց Հ. Մելիք Շահնազարյանը: Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով: