Բավ է պառակտվել
25-02-2015 11:20

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ մենք գնում ենք ոչ ճիշտ ճանապարհով.քաղաքագետ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ մենք գնում ենք ոչ ճիշտ ճանապարհով: Այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց պատմաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչումը պետք է պահանջատիրության յուրօրինակ ուղերձ լիներ Թուրքիային: Ոգեկոչումը միայն ցուցահանդեսներով, գրքերի շնորհանդեսներով և բարեգործական համերգներով չի լինում, ավելի լուրջ գործընթաց է պետք»,- ասաց նա: Նրա խոսքերով, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մեծ մասը Հայաստանի հետ կապ չունեցող են. «Ֆիլմի ցուցադրություն, որը Հայաստանում չի նկարահանվել, գրքերի շնորհանդեսներ, որոնք Հայաստանում չեն տպագրվել»: Ա. Պապյանն անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրին՝ նշեց, որ այն պետք է պատրաստվեր և ներկայացվեր տարիներ առաջ. «Այսօր տասնյակ հազարավոր փաստաթղթեր կան, որոնցից պետք է ֆունդամենտալ, հիմնարար գործ ստեղծվեր, լիներ Հայոց ցեղասպանության մի քանի հատորից բաղկացած հանրագիտարան՝ մեծաքանակ տպագրությամբ»: Ըստ նրա՝ արմատական սխալն այն է, որ շարունակում է սփյուռքի քաղաքականությունը. « Սփյուռքը պետություն չէ և չի կարող հանդես գալ պահանջատիրությամբ, իսկ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է պաշտպանել պետական իր շահը և պահանջելով Թուրքիայից վերադարձնել օկուպացված հայկական հողերը»: Նրա դիտարկմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը ճիշտ որոշում էր, բայց պետք էր նաև չեղյալ հայտարարել դրանք: