Բավ է պառակտվել
22-06-2016 13:17

Մոսկվային հաջողվել է ինչ -որ չափով Բաքվին ստիպել զիջումների գնալ.Քաղաքագետ

Ռուսաստանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման ֆոնին նվաճել Ադրբեջանի բարեհաճությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով, Մոսկվային ձեռնտու չէ, որ հենց այս պահին Բաքուն Անկարայի կողքին լինի: Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումից հետո, ըստ քաղաքագետի, տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմը կարողացել է հաջողություն գրանցել ու ինչ- որ չափով Ադրբեջանին ստիպել զիջումների գնալ: «Այսօրվա դրությամբ մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, որը մշակում է նոր տարածաշրջանային նկրտումներ ու ծրագրեր: Եվ ես չեմ բացառում, որ այդ ծրագրերում Հայաստանի ու Ղարաբաղի դերակատարումները պետք է փոխվեն ու տարբերվեն այն արժեքներից, որոնցով Մոսկվան առաջնորդվում է այս տարածաշրջանում»,- նկատել է Ալեքսանդր Մանասյանը, շեշտելով, որ Ռուսաստանը հավասարության նշան է դրել հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ ու չի աջակցի նրանցից որեւէ մեկին:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով: Հանդիպման արդյունքներով ընդունվել է նախագահների համատեղ հայտարարություն, որում մասնավորապես նշվում է շփման գծում միջազգային դիտորդների թիվն ավելացնելու պայմանավորվածության մասին: