Բավ է պառակտվել
17-02-2015 08:38

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ-ի մի շարք անդամների

Ուշ երեկոյան՝ փետրվարի 16-ին, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հաղորդել է, որ կա տեղեկություն նաև Երևանի Արաբկիր և Մալաթիա համայնքներում բերման ենթարկված կուսակցության անդամների մասին: Վարդանյանը ասել է, որ վերջերս մի խումբ պատգամավորներ եղել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում, որտեղ այժմ գտնվում է կուսակցության Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավարը: Պատգամավորի խոսքով՝ ոստիկանության համար դժվար չէ բերման ենթարկելու համար առիթ գտնել, մինչդեռ առ այսօր պարզ չէ Մամոյանի բերման ենթարկելու պատճառը: «Վերջին երկու շաբաթների իրադարձություններից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մենք վերադարձել ենք 37 թվականը և այն ժամանակ կիրառվող ճնշման մեթոդները այսօր դարձել են վերին աստիճանի ակտուալ», - ասել է ԲՀԿ պատգամավորը: Էլինար Վարդանյանի խոսքով՝ հարձակումները սկսվել են հայտնի հանձնարարականից հետո և տարօրինակ կլիներ այդ կապել որևէ այլ բանի հետ: Հաղորդումներ են հայտնվել նաև այն մասին, որ ոստիկանությունը խուզարկել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնել է, որ Գասպարյանի որդու նկատմամբ վերջերս հարուցվել է քրեական գործ, և ոստիկանները ցանկացել են ևս մեկ անգամ հետաքննել այն: