Բավ է պառակտվել
23-01-2017 19:41

Ինչու Թրամփը պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը. American Thinker

American Thinker հայտնի հրատարակչությունը հրապարակել է «Forbes», «The National Interest» և « Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի սյունակավար Արեգ Գալստյանի հոդվածը, որում նա պատճառներ է մանտնանշում, թե ինչու Դոնալդ Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ու՞մ համար դա ձեռնտու չէ:
Անցած շաբաթ, Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնյան համալսարանի վեբ-կայքում զեկույց հրապարակվեց, այն մասին, թե Թրամփի վարչախումբն ինչ կերպ պետք է քաղաքական երկխոսություն կառուցի Թուրքիայի հետ: Զեկույցի հեղինակներն են Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆֆրին և թուրքական հետազոտությունների ծրագրի տնօրեն Սոներ Չագապտայը: Հեղինակների առաջարկությունները վերաբերվում են աշխարհաքաղաքական խնդիրների լայն շրջանակին, որոնք ԱՄՆ-ն և Թուրքիան պետք է լուծեն համատեղ ջանքերով:
Հատկանշական է այն, որ զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վստահության վերականգնման համար անհրաժեշտ է, որպեսզի Թրամփի վարչակազմը երաշխավորի, որ չի ճանաչելու Հայոց ցեղասպանությանը:
Նրանք մասնավորապես գրում են.« Միացյալ Նահանգները հանգիստ կարող են երաշխավորել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Կոնգրեսում երբեք չի ընդունվի: Դա միշտ էլ կարևոր կետ է եղել հարաբերություններում (ԱՄՆ-Թուրքիա),և թուրքերի մեծամասնությունը շատ անհանգստացած է դրանով»:
Կասկած չի հարուցում այն, որ հեղինակների նպատակը ո՛չ միայն Թուրքիայի հանդեպ նոր վարչախմբի վարած քաղաքականության վրա ազդելն է, այլ նաև հիշեցումն այն մասին, որ Հայկական հարցը կարող է բացասական ազդեցություն ունենալ երկկողմանի հարաբերությունների վրա:
Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է հենց Թուրքիային և ԱՄՆ-ին.
Գալստյանը կարծում է, որ զեկույցի հեղինակները մի շարք լուրջ սխալներ են թույլ տվել: Նախ, դա ԱՄՆ-ի ներքին գործն է: Չի կարելի մոռանալ այն փաստը, որ 1918-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական իրադարձությունների ճանաչման անհրաժեշտությունը գալիս է Ամերիկայի միլիոնավոր քաղաքացիների կողմից, և բացառապես մարդասիրական բնութ է կրում:
Ամերիկայի հայությունը պաշտոնական Վաշինգտոնից չի պահանջում Թուրքիայի դեմ որևէ քայլ ձեռնարկել:
Մյուս կողմից հայ-ամերիկյան հարաբերությունների կողմնակիցները միշտ ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լավ նշան կդառնա, և կնպաստի ապագայում Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատմանը: Ցավոք, թուրքական իշխանությունները Հայկական հարցը վերածում են քաղաքական շանտաժի և ահաբեկման գործիքի:
Բացի այդ, Ցեղասպանության բանաձևի ճանաչումը կանխելու նպատակով Կոնգրեսի վրա ազդելու՝ ԱՄՆ-ի նախագահին արված առաջարկն ինքնին սխալ է:
Դա ո՛չ միայն միջամտություն է ինքնիշխան երկրի ներքին գործերին, այլ նաև կոչ է գործադիր իշխանությանը՝ ազդել օրենսդիրների վրա, ինչը չի կարող չառաջացնել ԱՄՆ-ի քաղաքացիների զայրույթը:
Մի փոքր պատմությունից.
Գալստյանը Հայկական հարցի վերաբերյալ փոքրիկ էքսկուրս է ներկայացնում՝ սկսած « սառը պատերազմի» տարիներից, երբ Կոնգրեսը որոշեց, որ դրա բաց քննարկումը կարող է ի հայտ բերել Թուրքիայի բացասական արձագանքը:
Իրավիճակը փոխվեց 1974 թվականին, երբ Թուրքիան զորքեր ուղարկեց Կիպրոսի տարածք: Ագրեսիայի այս դրսևորմանն ի պատասխան ԱՄՆ-ը էմբարգո դրեց Թուրքիայի վրա: Հենց այդ ժամանակ էր, որ Վաշինգտոնը չխոչնդոտեց « Անմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա» վերաբերյալ N. 148 բանաձևին: Համաձայն ընդունված բանաձևի, ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Այդպիսով Միացյալ Նահանգները դարձան աշխարհի առաջին երկիրը, որի նախագահն ամեն տարի ապրիլի 24-ին պաշտոնապես դիմում էր հայերին:
1978թ. ԱՄՆ-ի նախագահ Ջիմմի Քարտերը նկարագրելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները առաջին անգամ կիրառեց «ցեղասպանություն» տերմինը: Իր նախագահության առաջին տարում Ռոնալդ Ռեյգանը աջակցություն ցուցաբերեց ամերիկահայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:
Գալստյանը նաև հիշեցնում է, որ փորձելով կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը, պրո-թուրքական լոբբին միջամտում էր ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: Այդպես, Անկարան և իր լոբբիստները 1988թ. արշավ իրականացրեցին Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ազգությամբ հույն Մայքլ Դուկակիսի դեմ: Նրանք նույն կերպ պայքարում էին նաև Կալիֆորնիայի նահանգապետ, ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու , ազգությամբ հայ Ջորջ Դոքմեջյանի դեմ:
Բիլլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերը և Բարաք Օբաման իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում խոսում էին բարձր մակարդակում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու անհրաժեշտության մասին: Սակայն, Օվալ աշխատասենյակում հայտնվելուց հետո, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու վախից դրդված նրանք դրժում էին իրենց խոստումները:
Ինչու՞ հենց Թրամփը.
Ինչպես նշում է Գալստյանը, Թրամփն իրեն ներկայացնում է իբրև առաջնորդ, ով պաշտպանում է Ամերիկայի և ամերիկացիների շահերը: Այդ դեպքում նոր նախագահն ու իր վարչախումբը չպետք է թույլ տան, որ Թուրքիան միջամտի ԱՄՆ-ի ներքին հարցերին:
Ավելին, Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարող է վնասել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ շատ չափազանցված է: Այսօր աշխարհի քսանից ավելի երկրներ՝ այդ թվում Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան՝ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Արդյոք Ռուսաստանի կողմից ցեղասպանության ճանաչումն ազդե՞լ է Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունների վրա՝ ո՛չ:
Պաշտոնական Անկարան ավանդաբար ընդդիմանում է և սպառնում է հարաբերությունների վատացմամբ: Սակայն իրականում մենք ականատես ենք Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմանը՝ թե՛ քաղաքական, թե՛տնտեսական,թե՛ առևտրային, թե՛ տուրիզմի, և թե՛ էներգետիկայի ոլորտներում:
Այն բանից հետո, երբ Փարիզը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, նման սցենարով են զարգանում նաև Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները: Ի դեպ, Ֆրանսիան և Գերմանիան լինելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները, կայացնում են իրենց ներքաղաքական որոշումները՝ առանց Անկարայի սպառնալիքներից վախենալու:
Այսպիսով ԱՄՆ-ի նոր վարչակազմը պետք է իր հստակ դիրքորոշումն ունենա Հայկական հարցի վերաբերյալ , և չվախենա Թուրքիայի սպառնալիքներից և լոբբիստներից:
Թրամփը երկու ելք ունի: Նա կարող է շարունակել հայերի ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը (ինչպես Բուշն ու Օբաման), կամ էլ կարող է դառնալ նախագահ, ով բավականաչափ համարձակություն ունի՝ պատմական արդարությունը վերականգնելու համար:
« Հույս ունեմ, որ Թրամփը կընտրի Ռոնալդ Ռեյգանի, այն ո՛չ թե Բարաք Օբամայի ուղին»,- գրել է Գալստյանը:
Պատմական ակնարկ.
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 մլն հայերի մասսայական ոչնչացման փաստը, և շատ ծանր է տանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի կողմից իրեն ուղղված մեղադրանքները:
Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է մի շարգ պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: