Բավ է պառակտվել
14-07-2015 16:11

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահն այցելել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատուն

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում և միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։ Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը և մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին: Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսևորումն են նաև վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները: Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ ևս ընդգծեց Ձեր երկրի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և բարձր է գնահատում համանախագահների հետևողական ջանքերը` ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և խորացնել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով` ի շահ մեր ժողովուրդների։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը: