14-02-2015 18:00

Վարչապետի հրամանով կստուգվի Ծառուկյանի չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը news.gisher.ru-ին տեղեկացրեց, որ վարչապետի հրամանով` Աբրահամյանի հանձնարարականով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, որպեսզի ստուգեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված և բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է, որ տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: «Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»,- ասել է հանրապետության ղեկավարը: