Բավ է պառակտվել
15-07-2015 16:34

«Լիսկայի» եղբորորդին «Սդղի գյոլի» գործով ներգրավել է որպես մեղադրյալ ու ազատ արձակվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար, ինչի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Այդ մասին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաև քաղաքացի Էյներ Խաչատրյանը։ Ի դեպ, Էյներ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի որդին է: Հիշեցնենք` հայրը նույնպես այս գործով մեղադրյալ է: Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Էյներ Խաչատրյանը ևս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է.Խաչատրյանին հուլիսի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ ՔԿ-ից տեղեկացնում են, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություններ կիրառելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնցից 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որոնցից մեկի՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 5-րդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի ներկա մյուս անձանց գործողությունների բնույթը, բռնություններին մասնակցության աստիճանը հստակեցնելու ուղղությամբ։