22-09-2014 14:41

Պետությունը կարող է չարձագանքե՞լ հայոց եկեղեցական խնդիրներին

Արամ Ա կաթողիկոսի քայլը` Սիսի նստավայրը վերադարձնելու վերաբերյալ, շատ կարեւոր է, սակայն ուշացած, իսկ Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չի կարող միջամտել եւ որեւէ գործողություն կատարել իր կողմից: Այսօր, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
«Մեր պետությունը կարող է չարձագանքել այս հայտարարությանը, քանի որ սա եկեղեցական խնդիր է: Կարծում եմ, որ փաստաթղթային խնդիրներ կառաջանան: Եթե ունենք այս փաստաթղթերը, ապա լավ, եթե ոչ, ապա խնդիրներ կունենանք իրավական դաշտում:
Ըստ պատգամավորի՝ Սիսն այն եզակի հայկական քաղաքներից է, որտեղ պահպանվել են հայկական շենքերն ու եկեղեցիները. «Այս քաղաքում հայկական ամեն ինչը պահպանված է: Իսկ դատարան պետք է դիմեն անհատ անձինք, կազմակերպություններ, ոչ թե կառավարությունը, քանի որ պետությունը իրավահաջորդ չէ»:
Մինչդեռ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ սա Եղեռնի 100-ամյակին ընդառաջ դիվանագիտական քայլ է, իհարկե ուշացած:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: