Բավ է պառակտվել
01-05-2014 09:13

ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն միացվում է ֆինանսների նախարարությանը

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվում է ֆինանսների նախարարությանը: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է հրամանագիրը, որում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:

2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

5. Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր»: