09-02-2015 14:40

Պեսկովը հերքել է «Մերկելի վերջնագրի» մասին լուրերը ամերիկյան մամուլում

Կրեմլի մամլո խոսնակը մեկնաբանել է արևմտյան մամուլի հաղորդագրություները այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ օրը Կրեմլում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իբրև թե հայտարարել է, որ նա պետք է ընդունի Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից առաջարկված խաղաղության նախագիծը: «Մենք արդեն ամեն ինչ պատմել ենք բանակցությունների տոնի մասին: Ոչ ոք երբեք չի շփվել և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող շփվել նախագահի հետ ուլտիմատիվ տոնով», - մեջբերել է «Խոսում է Մոսկվան» ռադիոն Դմիտրի Պեսկովի խոսքերը: Անգելա Մերկելի կողմից ՌԴ նախագահին իբր թե ներկայացրած վերջնագրի մասին լուրը հայտնվել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի էջերին: Մեջբերելով անհայտ աղբյուրների խոսքերը՝ լրագրողները պնդում են, որ Գերմանիայի կանցլերը իբրև թե Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե Վլադիմիր Պուտինը չընդունի բանակցությունների ժամանակ Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ներկայացրած առաջարկները Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ ՌԴ նախագահի հանդիպումից հետո բոլոր երեք կողմերը անվանել են բանակցությունները բովանդակալից և կառուցողական: Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ աշխատանք է տարվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ նոր փաստաթուղթ կազմելւ ուղղությամբ, որը կներկայացվի հակամարտության բոլոր կողմերին: Պեսկովի խոսքով՝այդ փաստաթղթում հաշվի կառնվեն նաև Ռուսաստանի նախագահի առաջարկները: