28-06-2016 15:18

Պեսկով. Էրդողանը «շատ կարևոր քայլ» է արել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում շատ կարեւոր քայլ է արել հարաբերությունների բարելավման համար:

«Իրոք Թուրքիայի նախագահը նամակ է ուղարկել: Արվել է կարեւոր քայլ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դուք գիտեք, որ ռուսական կողմը եւ նախագահ Պուտինը հետեւողական դիրքորոշում էին պահպանում: Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է Թուրքիայի ու թուրք ժողովրդի հետ բարի հարաբերություններ պահպանելու ցանկության, այդ բարի հարաբերություններին այլընտրանք չլինելու, նաեւ այն անհրաժեշտ պայմանների մասին, որոնք պետք է ստեղծվեն դրանց կարգավորման համար»,- ասել է Պեսկովը:

Միաժամանակ նա նշել է, որ խնդիրը չի հաջողվի լուծել մի քանի օրում:

Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է փոխահատուցել Ռուսաստանի վնասը՝ խոցված «Սու 24» ռմբակոծիչի համար

Արտասահմանյան լրատվամիջոցների գնահատականով ռուսական «Սու 24»-ի խոցման համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը վկայում է մեկուսացման վտանգի ու աշխարհքաղաքական հաշվարկի մասին: