Բավ է պառակտվել
11-10-2014 14:56

PKK-ի եւ Թուրքիայի միջեւ հրադադարը կարող է անվավեր ճանաչվել

Քրդական աշխատավորական կուսակցության եւ Թուրքիայի միջեւ հրադադարը թուրքական պետության եւ քրդերի միջեւ վերջին բախումների արդյունքում կարող է անվավեր ճանաչվել: Այդ մասին այսօր,մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ արդեն մի քանի տարի շարունակվող լուրջ բախումները կարելի է աննախադեպ համարել: «2013թ.-ից Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարել էր հրադադարի մասին, սակայն վերջին ժամանակներս ավելի շատ է խոսվում այն անվավեր ճանաչվելու հնարավորության մասին: Սա ամենավերջին բանն է, որ կցանկանար թուրքական կառավարությունը», - ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը: Նա հավելեց, որ Թուրքիայում բախումների արմատները պետք է փնտրել քրդերով բնակեցված սիրիական Քոբանի քաղաքի իրադարձությունների մեջ, որը «Իսլամական պետության» խմբավորման կողմից ակտիվորեն հարձակումների է ենթարկվում: «Քրդերը Թուրքիայից պահանջում են միջամտել եւ կանխել «Իսլամական պետության» գործողությունները, սակայն դա իրականում շատ միամիտ պահանջ է», - նշեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է քրդերի եւ Թուրքիայի միջեւ զինադադարին՝ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը կարծես թե այդքան էլ չի շտապում հրադադարը անվավեր ճանաչել: «Հրադադարի ռեժիմի դադարեցումը քրդական հարցի տեսակետից Թուրքիային մի քանի տարի հետ կգցի, դա Թուրքիայի անվտանգության ուղղակի սպառնալիք է, առավել եւս՝ 2015թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ», - ընդգծեց թուրքագետը: Գեւորգ Պետրոսյանը նաեւ հավելեց, որ չի կարելի բացառել քրդերի եւ Թուրքիայի միջեւ նոր բախումները: