Բավ է պառակտվել
27-04-2015 14:25

ԵԽԽՎ-ի կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտարարությունն աննախադեպ էր. Հ Նաղդալյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընդգծե, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարությունն աննախադեպ էր, քանի որ դրան ոչ միայն ցեղասպանության դեմ պայքարի հարցում ավանդական երկրներն են կողմ եղել, այլև նրանք, ովքեր նախկինում Ցեղասպանության վերաբերյալ իրենց գնահատականներով չեն առանձնացել:
«Հայտարարության ներքո եղել է մոտ երկու հարյուր ստորագրություն, իսկ 170 ստորագրությունից ավելի ունենալը բացառիկ երևույթ է ԵԽԽՎ-ի համար, չեն ստորագրել Թուրքիայի և Թուրքիայի սատելիտ երկրների պատվիրակները»,-ասաց նա:

Նշենք, որ ԵԽԽՎ հերթական նիստը կայացել էր նախորդ շաբաթ, որին մասնակցում էին նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ լիագումար նիստը համընկավ ապրիլի 24-ի հետ, և դա էր պատճառը, որ ԵԽԽՎ նախագահը չէր կարողացել ներկա գտնվել Երևանում, սակայն այլ կարևոր գործիչներ են մասնակցել Երևանում երկօրյա գլոբալ ֆորումին:
Պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ զեկույցը եղել է Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված և դրանում կոչ է արվել, որ պատվիրակներն իրենց վերաբերմունք արտահայտեն, ճանաչեն ու դատապարտեն: Ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներն էլ բավական տպավորիչ են եղել եվրոպացի պատվիրակների համար: