Բավ է պառակտվել
10-02-2015 10:12

ՕԵԿ-ը դատապարտում է ՀՀ քաղաքացիների հանդեպ ոտնձգությունները

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ նախօրեին քննարկվել է քաղաքացիների և հասարակական ակտիվիստների վրա կատարվող հարձակումների հարցը: Ինչպես հայտնել են ՕԵԿ-ի մամլո ծառայությունում, նիստի մասնակիցները մատնանշել են քաղաքացիների, քաղաքական գործիչների և հասարակական ակտիվիստների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի վրա կատարած վերջին հարձակման փաստը: «ՕԵԿ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի ցանկացած քաղաքացու, հատկապես հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ ոտնձգությունները և անթույլատրելի է համարում քաղաքացիների արդարացի բողոքները կասեցնելը բռնության և ահաբեկչության միջոցով: Միևնույն ժամանակ ՕԵԿ-ի քաղխորհուրդը արձանագրում է, որ վերջերս հաճախակի դարձած քաղաքական և հասարակական գործիչների և ակտիվիստների վրա կատարվող հարձակումները կարող են վտանգավոր զարգացումներ ստանալ ժողովրդավարության զարգացման ապահովման, մարդու իրավունքի պաշտպանության և հասարակական համերաշխության տեսակետից: Իրավապահ մարմիները պետք է անհրաժեշտ միջոցառումներ անցկացնեն կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, հարձակում կատարողների անձը հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև միջոցներ ձեռնարկեն նմանատիպ դեպքերից ապագայում խուսափելու համար: Հակառակ դեպքում երկրում կարող է ձևավորվել անպատժելիության մթնոլորտ և բռնություն գործադրելու ավանդույթներ», - նշված է կուսակցության հայտարարության մեջ: