27-09-2014 16:53

Պարոնիկնե՛ր, Դուք արդար չեք ժողովրդի հանդեպ. Է. Շարմազանով

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանի՝ Աբովյանում եռյակի իրազեկման հանրահավաքին ունեցած ելույթը, որի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը վիրավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանը, նշեց, որ այն տղամարդուն վայել չէր:
«Սա աղբանոց չէ, դա քննադատություն չէ, վիրավորանք է, դա հայ տղամարդուն վայել բան չէ հայհոյանքներով խոսելը: Եթե տեր են փնտրում, ապա մեր բոլորի տերը մեկն է` մեր տեր Աստվածն է: Միգուցե իրենց տերը սատանան է, ու եթե ժողովուրդը պետք է մեկին հայհոյի, ապա միայն սատանային ու նրա լակոտներին, որոնք են այդ ասածի քաղաքական «պապա»-ն, հովանավորն ու նրանց հետեւորդները»:
Ըստ Շարմազանովի՝ ինքը հայհոյանքներով խոսելու երեւույթին է դեմ, ոչ թե մարդկանց. «Ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի նորմալ, քաղաքակիրթ երկրում եւ չեմ ուզենա, որ մի մարդ, որ ապրում է կրկնակի ստանդարտով ու իրեն ուզում է ցույց տալ քաղաքական կույս, որը քաղաքական կուսությունից բազմաթիվ անգամներ զրկվել է, այսօր կանգնում, հրապարակներում հայհոյում է»:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև եռյակին, ըստ նրա՝ անհասկանալի է, որ ոչ իշխանական ուժերը քննադատում են մի երեւույթ, տալիս են անուններ, սակայն ամենակարեւոր անունը չի տալիս, դա անհասկանալի է:
«Դա նշանակում է, որ պարոնիկներ, դուք արդար չեք ժողովրդի հետ: Եթե դու 2008թ. 2010թ. հստակ անուններ էիր տալիս, երեւույթ էիր քննադատում, իսկ հիմա երեւույթը քննադատում ես, մի քանի անուն հանել, ջոկել ես ու հիմա ասում ես` սրանք լավն են, սա անկեղծ չէ, խնդիրը սա է»,- ավելացրեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նշենք, որ Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ սեպտեմբերի 25-ին Արամ Մանուկյանը վիրավորական արտահայտություններ է արել Սերժ Սարգսյանի եւ նրա եղբոր հասցեին: