Բավ է պառակտվել
06-04-2016 12:28

Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը

Պետք է ՀՀ իշխանությունները Ռուսաստանից պահանջեն խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնեն զենքի վաճառքը Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշել է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով, վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները եւ դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված ռուսական արտադրության բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ ՌԴ կողմից Ադրբեջանին պարբերաբար զինամթերքի մատակարարումը ոչ թե բիզնես է, ինչպես իրենք են որակում, այլ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության սպառնալիք:

«Պարզ դարձավ, որ զենքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է ԼՂ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը:

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև քաղաքական ուժերին, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և պահանջել մեր ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ եւ ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածին, ՀՀ-ՌԴ միջև 1997թ. կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածին, ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և խզել Ադրբեջանի հետ ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը եւ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Նշենք, որ ապրիլի 5-ին ժամը 12:00-ից շփման գծում իրավիճակը համեմատաբար կայունացել է: