Բավ է պառակտվել
28-08-2015 10:13

Սահմանադրական փոփոխությունների ԱԺ լսումները կկայանան սեպտեմբերի 4-ին

Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում կայանալու են սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ: Այս մասին նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ պետաիրավական հանձնաժողովի կողմից կազմակերպվելիք լսումներին հրավիրված են լինելու քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: «Ակնկալում ենք բուռն, ամբողջական, մայր օրենքին համապատասխան առողջ քննարկում»,- ասաց Է. Շարմազանովը: Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ազգային ժողովը նույն օրը ստացել է նախագիծը: