Բավ է պառակտվել
02-02-2015 12:28

Եռյակն արտահերթ նիստ է հրավիրում

Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հավաքել են անհրաժեշտ քանակով ստորագրություններ եւ այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 18:30-ին, արտահերթ նիստ կհրավիրեն՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը քննարկելու համար: Այս մասին Ազգային ժողովի մոտ հավաքված հարյուրավոր առեւտրականներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Օրենքի նախագիծը մշակված, բարեփոխված՝ կամավորության սկզբունքով եւ տարեկան շրջանառության շեմի բարձրացմամբ դրված է օրակարգում: Մեր դիրքորոշումը չի փոխվել, հետաձգումը հետաձգում, մենք կողմնակից ենք հարցի արագ լուծմանը: Արդեն երկրորդ անգամ են օրենքը հետաձգում, այսինքն կառավարությունը մեկ տարի է՝ չի կարողանում օրենքը կիրառման մեջ դնել: Իրենք էլ են հասկանում, որ լուրջ խնդիր կա»,- ասաց Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ական պատգամավորն առեւտրականներին կոչ արեց պայքարը չդադարեցնել՝ վստահեցնելով, որ իրենք ամեն կերպ կաջակցեն նրանց: Առեւտրականները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան եւ ժամը 18։00-ին կրկին հավաքվել ԱԺ-ի մոտ։ Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։