28-03-2015 16:31

Գիտակցում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջելու.Վ.Գաբրիելյան.

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է՝ քննարկելու երկու հասարակությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: Ըստ փոխվարչապետի՝ Եվրասիական միությունը, թերևս, աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Այնուամենայնիվ, Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ միությունն ունի դեռևս չիրացված հսկայական ներուժ:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հեռանկարներին և նշել. «Մենք գիտակցում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջելու և պետք է դրա համար օգտագործել համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում»:
ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ընդգծել է, որ երկու հանձնաժողովները ծավալուն աշխատանք են կատարել արդեն իսկ անցկացված երկու համատեղ նիստերի ընթացքում: Նա կարևորել է միջազգային հարթակներում համագործակցությունը և երկկողմ հանդիպումներն առավել պարբերական դարձնելը:
«Տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՌԴ ԴԺ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը և Եվրասիական տնտեսական միության Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը: