Բավ է պառակտվել
30-11-2016 12:03

ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի

Հայաստանի խորհրդարանն այսօր արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։

Նախագծին «կողմ» է քվեարկել 93 պատգամավոր, «դեմ»` երկուսը, ձեռնպահ է մնացել 7–ը։ Հիշեցնենք, որ օրենքը սահմանադրական է, այն ներդնելու համար հարկավոր է պատգամավորների 3/5–ի աջակցությունը։

Օրենքի կարևորությունը

Սահմանադրական փոփոխությունների համաձայն, Հայաստանն անցնում է խորհրդարանային իշխանավարման, ինչը զգալիորեն բարձրացնում է այս մարմնի կարգավիճակը։

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ օրինագիծը բխում է կանոնակարգը սահմանադրական բարեփոխումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից։

Օրենքը խիստ է, սակայն դա օրենք է

Ըստ նոր կանոնակարգի, նախատեսված են տարբեր մեխանիզմներ մեկ օրինագծի շուրջ երկարատև խորհրդարանական բանավեճերի խնդրի լուծման համար, մասնավորապես, նախատեսվում է ներդնել ավելի խիստ ժամանակային սահմանափակումներ պատգամավորների ելույթների համար։

ԱԺ նոր կանոնակարգի համաձայն, խոսնակն ու նրա տեղակալները պետք է ավելի խիստ հետևեն պատգամավորների կարգապահությանը։ Օրենքն առաջարկում է անջատել ցանկացած պատգամավորի խոսափողը, ով կխախտի էթիկան ելույթի ժամանակ կամ անտեսելով քննարկման թեմաները` կսկսի խոսել կողմնակի թեմաներից։

Ավելանում է խմբակցությունների և հանձնաժողովների դերակատարությունը

Ոչ մի օրինագիծ չի կարող ներառվել խորհրդարանի օրակարգ առանց խորհրդարանական մշտական հանձնաժողովում այն քննարկելու, բացառությամբ այն դեպքերի, եթե կառավարությունը կներկայացնի հիմնավորումներ, որ այդ փաստաթուղթը կարևոր է երկրի և պետության համար ու պետք է քննարկվի արտահերթ կարգով։

«Կանոնակարգի նոր խմբագրությունը նախատեսում է, որ խորհրդարանը կօժտվի վերահսկողության մի շարք գործառույթներով, այդ թվում կվերահսկվի նաև գործադիր մարմնի գործունեությունը, ինչի համար առաջարկվել են տարբեր մեխանիզմներ, մասնավորապես, բյուջեի եռամսյակային կատարողականի ներկայացում», – նշեց Սահակյանը։

Նոր մարմիններ և նոր գործառույթներ

Նախատեսվում է, որ խորհրդարանում կստեղծվի կոլեգիալ նոր մարմին` Խորհուրդ, որը կհաստատի խորհրդարանի նիստերի օրակարգը։

Բացի այդ, օրենքի նախագիծը նախատեսում է քննչական հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պատգամավորների կողմից ներկայացված հարցերը, որոնք վերաբերում են օրենքի խախտման դեպքերին։ Հանցագործության տարր պարունակող զեկույցները կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Քննարկվում են նաև փոփոխություններ հարցապնդումները կառավարությանը ներկայացնելու գործընթացում, որը պարտավոր է 30 օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել։ Հարցապնդման արդյունքում կարող է ներկայացվել պաշտոնյայի գործունեության արդյունավետության կամ նպատակահարմարության հարցը` ընդհուպ մինչև վարչապետի նկատմամբ անվստահության քվեի ներկայացում։

Փոխվում է աշխատանքի ժամանակացույցը

Առաջարկված փոփոխություններով` խորհրդարանական խմբակցությունները պետք է պարտադիր կարգով կազմակերպեն ամենշաբաթյա նիստեր, հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով, հանդիպեն ընտրողների հետ, ինչպես նաև իրավունք կունենան գրավոր հայցով դիմել կառավարությանը։

Միաժամանակ, շաբաթվա ընթացքում, երբ կանցկացվեն լիագումար նիստեր, պատգամավորների ամենաքիչը մեկ քառորդի պահանջով կարող են կազմակերպվել քննարկումներ ակտուալ, հանրային կարևորություն ունեցող, «անհետաձգելի» թեմաների շուրջ։

Ինչ վերաբերում է լիագումար նիստերի անցկացման հարցին, ապա, ըստ նոր կանոնակարգի, առաջարկվում է երկուշաբթի անցկացնել ՀՀ ԱԺ–ի խորհրդի նիստը։ Խորհրդում ներառված են խոսնակն ու երկու փոխխոսնակները, բոլոր խմբակցությունների և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները։ Նրանք ձևավորել են նիստի օրակարգը, հարցերի հերթականությունը, իսկ արդեն երեքշաբթիից ուրբաթ կկազմակերպվեն նիստերը, որոնք կտևեն 10։00–ից մինչև 18։00։ Ընդ որում, բոլոր հարցերի չքննարկման դեպքում նիստը կարող է շարունակվել։

Ընդդիմությունը` որպես փոխխոսնակ

Ըստ նոր կանոնակարգի, խորհրդարանի փոխխոսնակներից մեկը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի։ Այսպիսով, խորհրդարանի նիստերի օրակարգը կհաստատեն բոլոր խորհրդարանական ուժերը։ Քառօրյա նիստերի նախօրեին օրակարգը համատեղ կհաստատեն խոսնակն ու նրա տեղակալները։