06-10-2014 20:10

Վարչապետն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Մուիժնիկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը հետամուտ է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծմանը և քայլեր է իրականացնում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մասնավորապես, մշակվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների փաթեթ, կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության շրջանակում ընդունվել են մի շարք ռազմավարական ծրագրեր ու փաստաթղթեր: Ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհուրդը: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է ՀՀ ԱԺ-ի կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացումը: Պարոն Մուիժնիկսը նաև կարևորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրագործումը, որի շրջանակում ԵԽ-ն աջակցում է արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն: