28-09-2015 13:01

Պարանոյայի հասնող վիճակը կարող է ազդել Ալիևի որոշումների վրա. Փորձագետ

«1994թ.-ից հետո առաջին անգամ Ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանային կայաններ, հաուբիցներ և ո՛չ թե Հայաստանի սահմանապահ դիրքերի, այլ բավականին թիկունքում՝ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրաձգարանի կետի վրա: Շատերի մոտ կարող է կարծիք առաջանալ, որ դա կհանգեցնի հետագա էսկալացիայի և լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման, սակայն ես չեմ կարծում, որ այս մի քանի օրվա, կամ ամիսների ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակն այն աստիճան է փոխվել, որ Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմական գործողություններ:

Ադրբեջանը չունի վստահություն, որ կհասնի հաղթանակի՝ պատերազմ վերսկսելու դեպքում»,-այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:
Քաղաքագետի կարծիքով Ադրբեջանի վերևջին օրերի ագրեսիվ քաղաքականությանն պատճառները մի քանիսն են.
«Վերջին շրջանում թե՛ Ղարաբաղի, թե՛ Տավուշի մարզի շփման գծում տեղի ունեցած իրադարձություների ժամանակ Ադրբեջանը բավական մեծ կորուստներ է կրել: Գաղտնիք չէ, որ հայկական կողմը համարժեք հակահարված է տալիս՝ իհարկե ո՛չ հրետանի կիրառելով, այլ ականանետներով: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի ղեկավարությունը գնաց այդ քայլին՝ փորձելով վրեժ լուծել, պատասխանել նախորդ կորուստների համար»:
Փորձագետը չբացառեց նաև, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կարող է ներքաղաքական իրավիճակի արդյունք լինել:
«Մոտական ժամանակներս կրկին անգամ տեղի կունենա ադրբեջանական տարադրամի դեվալվացիա, որովհետև փաստացի այս տարվա ընթացքում ադրբեջանի ֆինանսատնտեսական վիճակը ավելի է վատթարացել, քան Ռուսաստանինը, քանի որ նավթային շուկայում գների անկում է, իսկ Ադրբեջանի ֆինանսական եկամուտների 90%-ը գալիս է նավթի վաճառքից:
Ալիևը լարված պահելով իրավիճակը սահմանին՝ փորձում է շեղել իր հասարակությանը ներքին խնդիրներից»:
Ս. Մինասյանը նշեց նաև, որ Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերությունները գնալով վատանում են.
«Դա դրսևորվում է նույնիսկ անձնական մակարդակով:Թուրքիայի նախագահ Էրդողանը այս վերջին իրադարձության ժամանակ (Մոսկվայի վերակառուցված մզկիթի բացման արարողությանը) գնացել էր Մոսկվա, իսկ Ալիևը հրաժարվել էր: ՌԴ հարևան իսլամական երկրներից, փաստացի, միայն Ալիևը չէր գնացել Ռուսաստան, ինչը չափազանց վառ օրինակ է, թե ինչ աստիճանի են հասել Ալիևի և ՌԴ նախագահ Պուտինի անձնական փոխհարաբերությունները:
Ես չեմ բացառում, որ հոգեբանական այդ պարանոյայի հասնող վիճակը կարող է ազդել Ալիևի որոշումների վրա և սահմանային իրավիճակի վրա»,- նկատեց փորձագետը և հիշեցրեց, որ անցած տարի էլ ադրբեջանական կողմը հայկական ուղղաթիռ էր խոցել, բայց դա չի նշանակում, որ մոտակա ամիսներին լայնամասշտաբ ռազմական գործողություներ են սկսվելու:
Նա նաև չբացառեց, որ այս վիճակը շարունակական կլինի, և Ադրբեջանը նախկին զինատեսակնրի և դիպուկահարների փոխարեն կսկսի ժամանակ առ ժամանակ կիրառել ավելի ծանր զինատեսակներ՝ պահելու համար լարվածությունը:

Մարինե Բարսեղյան