14-11-2014 12:50

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գործունեությունը նպաստել է հայ-լեհական քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Զդիսլավ Ռաչինսկին բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, ինչի արդյունքում իրականացվել են տնտեսական և մշակութային տարբեր ծրագրեր: Դեսպանը նշել է, որ առաջիկայում տեղի ունենալիք հայ-լեհական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակում երկկողմ գործարարների շփումները լավ հնարավորություն են նոր կապեր հաստատելու ու նախագծեր իրականացնելու համար:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացումը և այդ գործում ընդգծել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի դերն ու ակտիվ գործունեությունը: Անդրադառնալով լեհական կողմից ներդրումների ներգրավմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կնպաստի մեր երկրում գործունեություն իրականացնող լեհ գործարարներին մուտք գործել նաև եվրասիական շուկա: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական կապերի զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցեր ևս: