Բավ է պառակտվել
20-07-2016 11:03

Օսկանյանը երկրի ղեկավարությանը կոչ է արել արտահայտել իրենց դիրքորոշումը

Վարդան Օսկանյանը նկատում է, որ առկա զինված առճակատման մեջ արյունահեղության մեծ վտանգ և ողբերգական զարգացումների մեծ պոտենցիալ է տեսնում։ Փողոցներում և հրապարակներում մեր քաղաքացիներն իրենց մտահոգություններն ու անհանգստությունն են արտահայտում։ Իրավապահները հաճախ դիմում են անհիմն բռնաճնշումների, ինչն իր հերթին նպաստում է լարվածության մեծացմանը։ Մթնոլորտը երկրում ժամ առ ժամ շիկանում է և Հայաստանը վատ իմաստով հայտնվել է միջազգային հանրության և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

«Այս պայմաններում արդեն երրորդ օրն է՝ երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը լռում են։ Աշխարհում չկա մի երկիր, մի նախադեպ, որ երկրի ղեկավարությունը ծայրահեղ լարվածության պահին օտարանա ժողովրդից և ասելիք չունենա։ Դժվար պահերին պետք է կարողանալ պատասխանատվություն վերցնել և հրապարակավ արտահայտվել»,- գրել է նա։

Պատգամավորը կոչ է արել, որ, որքան էլ դժվար լինի ձևակերպել ասելիքը, երկրի ղեկավարությունը տեսակետ հայտնի։

«Հանրապետության նախագա՛հ, ԱԺ նախագա՛հ, վարչապե՛տ, հանդես եկե՛ք ուղերձով, խոսե՛ք ժողովրդի հետ, ելքեր առաջարկե՛ք։ Հակառակ պարագայում ձեր լռությունը անհասակնալի է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս»,- հորդորել է նա:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի համակրները երկրորդ օրն է գրավել են ՊՊԾ գնդի տարածքը, պատանդներ պահում: Երեկվանից «Սասնա ծռեր» խմբավորման, Ժիրայր Սեֆիլյանի և ԱԱԾ միջև բանակցություններ են սկսվել, այսօր ժամը 19,00-ին զինված խմբավորումը պետք է պատասխան տա ԱԱԾ պահանջ-առաջարկին: