07-04-2015 13:07

Ընդդիմությունը խնդրում է Մոսկվայում Նեմցովի հուշարձանը կանգնեցնել

Ընդդիմադիրները խնդրել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին Մեծ Մոսկովյան կամրջի վրա սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի արձանը կանգնեցնել: Համապատասխան փաստաթուղթը արդեն ուղարկվել է Մոսկվայի քաղաքապետարան: Դիմումը ստորագրվել է «ՌՊՌ-Պարնաս» կուսակցության համանախագահ Միխաիլ Կասյանովի, կուսակցության քաղխորհրդի անդամ Իլյա Յաշինի, Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնիի և այլ ակտիվիստների կողմից: «Բորիս Նեմցովը մտել է պատմության մեջ որպես վառ քաղաքական և պետական գործիչ, ում ճակատագիրը անքակտելիորեն կապված է նոր ժողովրդավարական Ռուսաստանի հետ», - նշված է փաստաթղթում: Ապրիլի 7-ին` առավոտյան, Մեծ Մոսկովյան կամրջին սկսվեց Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված «Չլռության րոպե» ակցիան: Կազմակերպիչները կոչ արեցին բոլորին, ովքեր անտարբեր չէին քաղաքական գործչի նկատմամբ, հարգել նրա հիշատակը` մեկ րոպեով կանգ առնելով կամ մեքենայից ազդանշելով: Հիշեցնենք, որ ընդդիմադիր Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում` Մեծ Մոսկովյան կամրջով քայլելիս: Քաղաքական գործիչը զոհվել է տեղում չորս գնդակից: Նրա ընկերուհին` ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան, չի տուժել: Մարտի 8-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Նեմցովի սպանության կասկածով կալանավորեց հինգ մարդ` Զաուր Դադաևին, Անզոր Գուբաշևին, Շահիդ Գուբաշևին, Թամերլան Էսքերհանովին և Համզատ Բահաևին: Հետագայում բոլոր կասկածյալները բողոք ներկայացրեցին իրենց կալանավորման կապակցությամբ, որի արդյունքում ապրիլի 1-ին Բահաևի, Էսքերհանովի և Գուբաշի կալանավորումը չեղյալ հայտարարվեց սխալ ձևակերպման կապակցությամբ և կրկին ուսումնասիրման ուղարկվեցղ: Ապրիլի 6-ին դատարանը կրկին անգամ կալանավորեց Համզատ Բահաևին, Թամերլան Էսքերհանովին և Շահիդ Գուբաշևին մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը: