Բավ է պառակտվել
25-02-2014 14:03

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Օմանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների, այդ թվում՝ Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար ՀՀ Նախագահը և Օմանի դեսպանը կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում՝ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթերի նախագծեր:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ու Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին անհրաժեշտ են համարել նաև Հայաստանի և Օմանի միջև բազմակողմ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության զարգացումը: